Daily Archives: March 3, 2021

Լոռեցի Սաքոն

 

 

Լոռեցի Սաքոն

I

 

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց

Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝

Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ

Հայացքով իրար նայում են հանդարտ։

 

Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝

Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,

Խելագար թըռչում քարերի գըլխով,

Փըրփուր է թըքում անզուսպ երախով,

Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,

 

Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,

Ու գոռում գիժ-գիժ.

― Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․

 

Մութ անձավներից, հազար ձևերով,

Քաջքերն անհանգիստ՝ հըտպիտ ձայներով

Դևի հառաչքին արձագանք տալի,

Ծաղրում են նըրա գոռոցն ահռելի

Ու կըրկնում են գիժ-գիժ․

― Վա՜շ-վի՜շ, վա՜շ-վի՜՜շ․․․

 

Գիշերը լուսնի երկչոտ շողերը

 

Հենց որ մըտնում են էն խավար ձորը՝

Ալիքների հետ խաղում դողալով,

Անհայտ ու մռայլ մի կյանքի գալով՝

Ոգի է առնում ամեն բան էնտեղ,

Շընչում է, ապրում և մութն և ահեղ։

 

Էն տախտի վըրա աղոթում մի վանք։

Էն ժայռի գըլխին հըսկում է մի բերդ,

Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,

Բուի կըռինչն է տարածվում մերթ-մերթ,

Իսկ քարի գլխից, լուռ մարդու նման,

 

Նայում է ձորին մի հին խաչարձան։

 

 

II

 

Էն ձորի միջին ահա մի տընակ։

Էնտեղ այս գիշեր Սաքոն է մենակ։

Հովիվ է Սաքոն, ունի մի ընկեր.

Սատանի նման՝ նա էլ էս գիշեր

Գընացել է տուն։ Սարերի չոբա՜ն―

Գյուղիցը հեռու, հազար ու մի բան,

Ով գիտի՝ պարկում շընալի՞ր չըկար,

Ա՞ղ էր հարկավոր ոչխարի համար,

Ուզեց զոքանչի ձըվածե՞ղ ուտել,

 

Թե՞ նըշանածին շատ էր կարոտել―

Ոչխարը թողել՝ գնացել է տուն։

Այնինչ՝ համկալը հենց առավոտը

Դեպի սարերը քշեց իր հոտը։

Ու Սաքոն անքուն,

Թաց տըրեխները հանել է, քերել,

Գուլպան բուխարու վըրա կախ արել

Ու թինկը տըվել,

Մեն- մենակ թըթվել։

 

 

III

 

Թեկուզ և մենակ լինի փարախում,

 

Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում։

Հապա մի նայի՛ր հըսկա հասակին,

Ո՜նց է մեկնըվել։ Ասես ահագին

Կաղնըքի լինի անտառում ընկած։

Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,

Գըլուխը մեխած մահակը ձեռին՝

Ձեն տարավ, կանչեց զալում շըներին

Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,

Էնժամ կիմանաս, թե ընչի համար

Թե՛ գող, թե՛ գազան, հենց դատարկ վախից,

 

Հեռու են փախչում նըրա փարախից։

 

Ու իրեն նըման իրեն ընկերներ

Ապրում են սիրով երեխուց ի վեր։

Աստծու գիշերը գալիս են հանդեն,

Փետ են հավաքում, վառում են օդեն,

Շըհուն ու պըկուն խառնում են իրար,

Ածում են, խաղում, խընդում միալար․․․

 

 

IV

 

Բայց խուլ ու խավար օդում էս գիշեր

Մենակ է Սաքոն ու չունի ընկեր։

Բուխարու կողքին լուռ թինկը տըված

 

Մըտածում է նա․․․ ու մին էլ հանկարծ,

Որտեղից որտեղ, էն ձորի միջին

Միտն եկան տատի զըրույցները հին․․․

Միտն եկան ու մեր Սաքոն ակամա

Սկսավ մըտածել չարքերի վըրա,

Թե ինչպես ուրախ խըմբով միասին,

Ծուռը ոտներով գիշերվան կիսին,

Թուրքերի կանանց կերպարանք առած,

Երևում են միշտ միայնակ մարդկանց․․․

Կամ ինչպես քաջքերն այրերի մըթնից,

 

Երբ նայում է մարդ քարափի գըլխից

Կամ թե ուշացած անցնում է ձորով,

Խաբում են, կանչում ծանոթ ձայներով,

Ու մարդկանց նըման խընջույք են սարքում,

Զուռնա են ածում, թըմբուկ են զարկում․․․

Ու տատի խոսքերն անցյալի հեռվից

Ուրվաձայն, երկչոտ հընչեցին նորից.

 

― Կասեն՝ Սաքո՛, մեզ մոտ արի,

Արի՛ մեզ մոտ հարսանիք.

Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,

 

Սիրուն ջահել հարսն-աղջիկ։

 

Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ․․․

Ինձ մոտ արի՝ բըլիթ տամ․․․

Ես քո հոքիրն․․․ ես քո նանն եմ․․․

Ես էլ ազիզ բարեկամ․․․

 

Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,

Էս աղջիկը, տե՜ս ինչ լավն ա․․․

Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,

Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․

 

Ու խոլ պատկերներ տըգեղ, այլանդակ,

 

Անհեթեթ շարքով, խուռներամ, անկարգ,

Ծանրաշարժ եկան Սաքոյի դիմաց

Երևութք եղան, անցնում են կամաց,

Խավար ու դանդաղ, ըստվերների պես,

Չար ժըպիտներով ժանտ ու սևերես․․․

 

 

V

 

Սրընթաց պախրա՞, թե գայլ գիշատիչ

Շեշտակի անցավ փարախի մոտով,

Այծյա՞մը հանկարծ մոտակա ժայռից

Անդունդը մի քար գըլորեց ոտով,

Գիշերվան հովից տերև՞ն էր դողում,

 

Երկչոտ մուկի՞կը վազեց պուճախում,

Թե՞ ոչխարների թույլ մընչոցն էր այն,―

Սաքոյին թըվաց, թե մի ոտնաձայն

Եկավ ու կանգնեց փարախի վըրա,

Կանգնեց ու լըռեց․․․

Ականջ դըրավ նա․․․

 

 

VI

 

― Ո՞վ հող թափեց բուխուրակից․

Էն ո՞վ նայեց լիսածակից․․․

Էս ո՞վ կըտրից անցավ թեթև,

Շունչ է քաշում դըռան ետև․․․

 

― Ո՞վ ես, էհե՜յ․․․ ի՞նչ ես անում.

Ի՞նչ ես լըռել, ձեն չես հանում․․․

 

Պատասխան չըկա․ լըռության միջում

Ձորագետն է միայն մըրափած վըշշում։

― Հա՜, իմացա, Գեվոն կըլնի․

Իմ շան ահից ո՞վ սիրտ կանի․․․

Վախեցնում է․․․ հա՛, հա՛, հա՛, հա՛․․․

― Գևո՜՜․․․

Ձեն – ձուն չկա։

 

Միայն ահավոր լըռության միջում

 

Ձորագետն է խուլ, մըրափած վըշշում։

Եվ ո՞վ կըլինի զարթուն այս ժամին․

Քընած է աշխարհ, քընած է քամին․

Անքուն չարքերը չեն միայն քընած,

Վըխտում են ուրախ՝ ձորերը բըռնած,

Խավարում կազմած դիվական հանդես,

Վազում, վազվըզում ըստվերների պես,

Մինչև որ մենակ մի մարդ կըգըտնեն,

Ճիչով-քրքիջով․․․ փարախը մտնեն․․․

Աչքերը հանգչող կըրակին հառած՝

 

Ծանըր է շնչում հովիվն ահառած,

Ու վայրի հոգին լեռնական մարդու

Ալեկոծում է կասկածն ահարկու։

― Չէ՛, քամին էր էն․.. էն գիլի շըվաք․․․

Էն աստղերն էին աչքերի տեղակ,

Որ լիսածակից ներս էին ընկել․․․

Ուզում էր վերև մըտիկ տա մեկ էլ՝

Ու սիրտ չի անում։

Ականջ է դընում․․․

Գալիս են կըրկին թեթև, կամացուկ

 

Դըռան ետևից փըսփըսում ծածուկ.

― Էստեղ է նա,

Հա՛, հա՛, հա՛, հա՛․

Տե՛ս-տե՛ս, տե՛ս-տե՛ս․

Նայիր էսպե՜ս,

Մըտիկ արա՜,

Հա՛, հա՛, հա՛, հա՛․․․

Սաքոն շարժվեց փըշաքաղած,

Դեպի շեմքը նայեց, դողաց․․․

Շըրը՛խկ․․․ հանկարծ դուռը բացվեց,

 

Թուրք կանանցով տունը լըցվեց,

Տունը լըցվեց թուրք կանանցով,

Ճիչ-գոռոցով, հըռհըռոցով․․․

 

 

VI

 

Ահռելի ձոր է։ Մի կըտոր լուսին

Նայում է գաղտուկ, թաքչում ամպերում։

Էն մութ, ահավոր գիշերվա կիսին

Վազում է Սաքոն Լոռու ձորերում։

Չարքերը ընկած նըրա ետևից,

Հերարձակ խըմբով, ճիչ-աղաղակով՝

Հասնում են մեջքին, բռնում են թևից,

 

Զարկում են, զարկու՜մ օձի մըտրակով․․․

Քաջքերն էլ այրից զուռնա-դըհոլով

Ճըչում են, կանչում ծանոթ ձայներով.

 

― Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,

Արի մեզ մոտ հարսանիք,

Տե՜ս՝ ինչ ուրախ պար ենք գալի՝

Սիրո՜ւն, ջահել հարսն-աղջիկ։

 

Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ․․․

Ինձ մոտ արի՝ բըլիթ տամ․․․

Ես քու հոքիրն․․․ ես քու նանն եմ..․

 

Ես էլ ազիզ բարեկամ․․․

 

 

VII

 

Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,

Էս աղջիկը, տե՜ս, ինչ լավն ա․․․

Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի․

Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․

 

Այնինչ Դեբեդից ալքեր են թըռչում,

Ալիքներն ելնում, ալիքներն ուռչում,

Խավարի միջին ծըփում են կայտառ՝

― Բըռնեցե՜ք, փախա՜վ Սաքոն խելագար․․․

 

 

 

 

 

Առաջադրանքներ 03.03.2021

Կազմել նախադասություններ հետևյալ դարձվածքներով 

Հոգին ծախել, հոգին ազատել, հոգին հանել, հոգին դուր գալ։

Ինչքան մարդ կորող է ստոր և շահամոլ լինել, որ կարողացել է հոգին ծախել և դավաճանել հայրենիքին։

Երբ ես վերջնականապես կվերջացնեմ այդ աշխատանքը, այդ ժամանակ էլ հոգիս կազատվի։ 

Վա՜յ, այ տղա, ի՞նչ չար ես, հոգիս հանեցիր։

Մեղվի պես, օր ու գիշեր հոգին դուրս գալով աշխատում էր։

 

 

 

Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ

Հիշեք, երկրաշարժը ձեզ‚ ամենայն հավանականությամբ‚ հանկարծակիի կբերի։

 

Ինքնատիրապետում‚ հանգստություն և հստակ կշռադատված գործողություններ. ահա թե ինչպիսի իրավիճակներ են անհրաժեշտ ձեզ։ Ձեր հանգստությունը վստահություն կներշնչի շրջապատին։

 

– Հիշեք‚ որ նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպքում շենքերը միանգամից չեն փլուզվում։ Գյումրիի (9 բալ) ավերածությունների վերլուծությունը ցույց տվեց‚ որ 10 հարկանի շենքերը սկսել են փուլ գալ առաջին ցնցումից 10-12վրկ․ հետո։ Դա այն ժամանակն է‚ որի ընթացքում փրկվելու համար որոշակի գործողություններ կկարողանաք ձեռնարկել։

 

– Հիշեք‚ որ երեխաները‚ ծերերը և հիվանդները ձեր օգնության կարիքն ունեն։ Նրանց կարիքները հոգալով՝ դուք չեք երկյուղի ձեր կյանքի համար և կարող եք ավելի հավասարակշռված գործել։

– Հիշեք‚ ձեզ որոնում են և ձեր փրկության համար կօգտագործվեն բոլոր հնարավորությունները։

 

Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք

 

ա․ եթե բարձրահարկ շենքի 1-ին և 2-րդ հարկերում եք‚ աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից‚ հեռացեք դեպի բաց տարածություն‚

 

բ․ եթե գտնվում եք 3-րդ և ավելի բարձր հարկերում‚ շենքից դուրս մի եկեք‚ աստիճաններն ու սանդղակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով‚ վերելակները կարող են անջատվել ցանկացած պահի։ Բացի դրանից‚ առաջին հերթին‚ սովորաբար‚ փլվում են աստիճաններն ու սանդղակավանդակները։

 

գ․ կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի‚ նրանցով կազմված անկյունների‚ այդ իսկ պատերում դռան բացվածքների և հենասյուների մոտ՝ գլխավերևում պահելով աթոռ‚ պայուսակ կամ այլ համապատասխան իր՝ վերևից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար։ Կարելի է նաև մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ‚

 

դ․ պատուհաններից և շենքի արտաքին պատերից հեռու մնացեք‚ դրանք փլվում են առաջին հերթին՝ փշրվող առարկաներից չվնասվելու համար‚

ե․ զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից՝ պահարաններից‚ սառնարաններից‚ որոնք կարող են տեղաշարժվել և շրջվել‚

 

զ․ ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից՝ նախապես որոշված ճանապարհով‚

 

է․ շենքից դուրս գալուց զգուշացեք ընկնող բեկորներից‚ կոտրատված ապակիներից‚ կտրված էլեկտրալարերից‚

 

ը․ փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել։ Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք թաշկինակ‚ գլխաշոր կամ հագուստից պոկված մի կտոր։

 

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում

 

ա․ հեռացեք շենքից‚ կամուրջներից և էլեկտրասյուներից հեռու‚ դեպի անվտանգ

տարածություն,

 

բ․ երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար․ դա շատ վտանգավոր է։ Մնացեք դրսում միաժամանակ փնտրեք նրանց օգնելու տարբերակներ։

 

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք ընթացող տրանսպորտում

Երբ սկսվում է ուժեղ երկրաշարժը‚ դուք չեք կարող տիրապետել ղեկը։ Տպավորությունն այնպես է‚ կարծես թողել է մեքենայի անիվը։ Այդ ընթացքում‚ որպեսզի համոզվեք‚ որ դուք չեք հարվածել որևէ այլ մեքենայի կամ էլ ձեզ չեն հարվածել‚ դանդաղեցրեք ավտոմեքենայի ընթացքը և շարժվեք ճանապարհի աջ կողմով։ Կանգ առեք համեմատաբար բաց տարածությունում՝ կամուրջներից‚ բարձրահարկերից և էլեկտրասյուներից հեռու։ Մնացեք մեքենայում‚ հետևեք մեքենայի ռադիոընդունիչով տրվող տեղեկատվությանը և գործեք համաձայն դրա։

 

Բոլոր մեքենաների մուտքը դեպի աղետի գոտի խստիվ արգելվում է‚ բացի մասնագիտացված տեխնիկայից‚ փրկարարական ջոկատներից‚ հրշեջ խմբերից և շտապ օգնությունից։

 

Եթե մետրոյում եք

Եթե մետրոն ռմբակոծության ժամանակ ապահով ապաստարան է‚ ապա ուժեղ երկրաշարժի դեպքում այն նույնքան վտանգավոր է։

 

Այդ դեպքում՝

 

ա․ խուճապի մի մատնվեք և առաջահերթ ապահովեք ձեր անվտանգությունը,

 

բ․ Ցնցման ժամանակ ամուր բնռվեք որևէ առարկայից‚ օրինակ ուղեբեռի դարակից և երկաթե ձողերից այնպես‚ որ չընկնեք,

 

գ․ 5 բալանոց երկրաշարժի ժամանակ հոսանքը կանջատվի‚ գնացքը ժամանակավորապես կկանգնի‚ մետրոյի կանգառում ինքնաբերաբար կմիանան վթարային լամպերը,

 

դ․ դեպի ելքերը գնալը վտանգավոր է‚ և կարող է խուճապ առաջացնել։

 

Հետևեք կայարանի բարձրախոսով տրվող ցուցումներին։

 

Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից

 

ա․ Ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից‚ չօգտագործեք լուցկի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել)։

Օգտվեք միայն գրպանի լապտերից։

 

բ․ Հագնվելու վրա ժամանակ մի վատնեք‚ արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակը‚ գործեք բաժնի նախորդ կետերում նշված կանոնների համաձայն: