Daily Archives: March 17, 2023

Մեծամորի հնավայր

ԻՆՉՊԵՍ Է ՄԵԾԱՄՈՐԻ ՀՆԱՎԱՅՐԸ ՍՏԱՑԵԼ ԻՐ ԱՆՎԱՆՈՒՄԸ

Մեծամորը Հայկական լեռնաշխարհի, նաև ողջ Հին Մերձավոր Արևելքի մ.թ.ա. V-I հազ. առավել ուսումնասիրված եզակի հնագիտական հուշարձաններից է: Այն ներառում է բրոնզ-երկաթեդարյան պարբերաշրջանների բնակավայրը (միջնաբերդը, քաղաքային թաղամասերն ու աստադիտարկումների համար առանձնացված հարթակը) և դամբարանադաշտը: Տարածքը 200 հա-ից ավելին է: Հնավայրը գտնվում է Արարատյան դաշտում, Երևանից շուրջ 35 կմ արևմուտք, Տարոնիկ համայնքի վարչական տարածքում:

Բլրի գագաթին և լանջերին նկատվող հնավայրի մասին ընդհանուր բնույթի տեղեկություններ հայտնի են արդեն Վենետիկի Մխիթարյան միաբանության աբբահայր Ղևոնդ Ալիշանի XIX դ. վերջի հրապարակումներից: Այս տարածքի ժայռափոր պատկերներով ժամանակին հետաքրքրվել է նաև եպիսկոպոս Մ. Տեր-Մովսեսյանը:

1930-ական թթ. Զեյվա գյուղի հարավային եզրին գտնվող բլուրի շրջանում (որը հետագայում ստացավ Մեծամոր անունը) նախնական դիտարկումներ է կատարել, թռուցիկ հետազոտել և գունազարդ ու սև խեցեղենի բեկորներ հայտնաբերել հնագետ Եվգենի Բայբուրդյանը: Ավելի ուշ՝ 1959-1960 թթ. մի խումբ երիտասարդ հնագետների հետ այստեղ պեղումներ է  նախաձեռնել Լ. Բարսեղյանը, բացելով վաղ և ուշ բրոնզի, ինչպես նաև վաղ երկաթի շրջափուլերին վերաբերող հնագիտական շերտեր:

1965 թ. ՀՍՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը Է. Խանզադյանի գլխավորությամբ և երկրաբան Կ.  Մկրտչյանի մասնակցությամբ ձեռնամուխ եղավ հնավայրի պեղման լայնածավալ աշխատանքներին: Քանի որ հնագույն բնակավայրի անունը հայտնի չէր, արշավախմբի ղեկավարները պայմանականորեն այն անվանեցին բլրի ստորոտով հոսող գետի՝ Արաքսի վտակ Մեծամորի անունով:

Ծիսական անոթ-կեռնոս

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքից, բազմաթիվ այլ գտածոների հետ միասին, հայտնաբերվել է նաև ծիսական բազմափող անոթ-կեռնոսը:

Այն սև, փայլեցրած հարթ հատակով է, գնդաձև, շեփորաձև բացվող բերաններով: Անոթի ուռուցիկ հատվածին ամրացված են փողեր: Գտածոն պատկանում է ուշ բրոնզի շրջափուլին (մ.թ.ա. XV-XIV դարեր): Անոթ-կեռնոսը գործածվել է գուշակությունների և ծիսական արարողությունների ժամանակ:

 

Գորտակերպ կշռաքար-կախիկ

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքից հայտնաբերված սարդոնիքսե գորտակերպ կշռաքար-կախիկը (մ.թ.ա. XV դ. վերջ) փաստում է, որ մեծամորցիները ներգրավված են եղել եգիպտա-կասսիտական չափակշռային համակարգի մեջ:

Հետաքրքրական է կախիկի մեջքի, թաթերի և որովայնի շրջանում առկա աքքադերեն գրությունը: «Սա 1 սիկղն է Ուլամ-Բուրարիաշի` Բուրնա-Բուրարիաշ թագավորի որդու»,-ասվում է տեքստում:

Ենթադրելի է, որ գորտ-կախիկը ծառայել է որպես կշռաքար, քանի որ դրա քաշը` 8.64    գրամ, համապատասխանում է բաբելոնյան 1 սիկղ կշռաչափին

 

Մեծամորյան գաղտնիքներ. մի կնիքի պատմություն

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքը հարուստ է եզակի գտածոներով: Դրանցից է նաև կարմիր ագաթից պատրաստված գլանաձև կնիքը: Դրա դրոշմող մակերևույթին հին եգիպտական հիերոգլիֆներով արձանագրված է` «Մեծ Սանգար երկրի կառավարիչ Կուրիգալզու»:

Եգիպտոսում Բաբելոնը երբեմն անվանել են նաև Սանգար: Այսինքն` խոսքը վերաբերում է Կասսիտական Բաբելոնի տիրակալ Կուրիգալզու 1-ին: Ամենայն հավանականությամբ, կնիքը պատրաստվել է Եգիպտոսի փարավոնի պատվերով, նրան ենթակա պաղեստինյան տարածքներից մեկում, հավանաբար` Ուգարիթում, Բաբելոնի տիրակալի համար: Դա է պատճառը, որ կնիքի դրոշմող մակերևույթին փորագրված տեսարանում մեկտեղված են եգիպտական կահույքագործությանը բնորոշ գահավորակն ու էգեյա-ուգարիթյան երկկանթ սափորները, ուգարիթյան հագուստով, կասսիտ մեծատոհմիկին հատուկ կեցվածքով անձն ու պաղեստինյան տարածաշրջանին բնորոշ դարսավոր հանդերձով կինը (քրմուհին):

Առայժմ դժվար է բացատրել, թե ինչպես է եգիպտական պատվերով կասսիտ տիրակալի համար պատրաստված գլանաձև կնիքը հայտնվել Մեծամորի իշխանական դամբարանում: Հնարավոր է միայն ենթադրել, որ մ.թ.ա. 15-րդ դարի վերջին դեռևս գործում էր պայմանավորվածությունը, համաձայն որի` Հայկական լեռնաշխարհի (մասնավորապես` Մեծամորի) առաջնորդները շարունակում էին պահպանել իրենց հավատարմությունը Եգիպտոս-Միտաննի-Կասսիտական Բաբելոն եռադաշինքին և օժանդակում էին դաշնակիցներին հակախեթական գործողություններում:

Մեծամորը և ամենահին ոսկե զարդերը

 

 

 

Մեծամորի հնավայրում, ավելի քան հիսուն տարի ընթացող պեղումների ընթացքում բացվել են պարսպապատ միջնաբերդ` պալատական և տնտեսական շինություններով, եզակի սրբարաններ` զոհարաններով,  երկնային մարմինների դիտումների համար նախատեսված հարթակ-«աստղադիտարան», մետաղի մշակութային ամբողջական ցիկլ  ներկայացնող հալոց-ձուլարանների  «արտադրամաս», վաղ բրոնզեդարյան` հում աղյուսով կառուցված, կլոր հատակագծով կացարաններ, ուշ բրոնզեդարյան-երկաթեդարյան քաղաքային թաղամաս և հսկայական դամբարանադաշտ:

Թանգարանի հավաքածուն կազմում է շուրջ 28․ 000 առարկա, որից  8500-ը ներկայացված է հիմնական ցուցադրությունում: Այն ընդգրկում է էնեոլիթի (պղնձաքարի) դարաշրջանից` մ.թ.ա V-IV հազարամյակներից  մինչև  ուշ միջնադար` 17-18-րդ դարերը և, ըստ ցուցափեղկերի, հանգամանորեն ներկայացնում է հնագույն բնակատեղիի, ապա նաև Հին Արևելքի ու հատկապես Հայկական լեռնաշխարհի կարևորագույն քաղաքատեղիներից մեկի ռազմաքաղաքական, տնտեսական, առևտրական, սոցիալ-մշակութային պատմությունը: Թանգարանում ցուցադրվում է նաև ուշբրոնզեդարյան դամբարանի վերակազմություն:

Թանգարանի հատուկ զետեղարանում ներկայացված են ոսկուց, անագից, արծաթից, սաթից, սարդիոնից, մածուկից պատրաստված պերճանքի եզակի առարկաներ:  Մեծամորի հնավայրից են հայտնաբերվել և թանգարանի հատուկ զետեղարանում է  ցուցադրվում Հայաստանի տարածքից հայտնի ամենահին ոսկե զարդը:

 

 

Մեծամորը Հայկական լեռնաշխարհի, նաև ողջ Հին Մերձավոր Արևելքի մ.թ.ա. V-I հազ. առավել ուսումնասիրված եզակի հնագիտական հուշարձաններից է: Այն ներառում է բրոնզ-երկաթեդարյան պարբերաշրջանների բնակավայրը (միջնաբերդը, քաղաքային թաղամասերն ու աստադիտարկումների համար առանձնացված հարթակը) և դամբարանադաշտը: Տարածքը 200 հա-ից ավելին է: Հնավայրը գտնվում է Արարատյան դաշտում, Երևանից շուրջ 35 կմ արևմուտք, Տարոնիկ համայնքի վարչական տարածքում:

Բլրի գագաթին և լանջերին նկատվող հնավայրի մասին ընդհանուր բնույթի տեղեկություններ հայտնի են արդեն Վենետիկի Մխիթարյան միաբանության աբբահայր Ղևոնդ Ալիշանի XIX դ. վերջի հրապարակումներից: Այս տարածքի ժայռափոր պատկերներով ժամանակին հետաքրքրվել է նաև եպիսկոպոս Մ. Տեր-Մովսեսյանը:

1930-ական թթ. Զեյվա գյուղի հարավային եզրին գտնվող բլուրի շրջանում (որը հետագայում ստացավ Մեծամոր անունը) նախնական դիտարկումներ է կատարել, թռուցիկ հետազոտել և գունազարդ ու սև խեցեղենի բեկորներ հայտնաբերել հնագետ Եվգենի Բայբուրդյանը: Ավելի ուշ՝ 1959-1960 թթ. մի խումբ երիտասարդ հնագետների հետ այստեղ պեղումներ է  նախաձեռնել Լ. Բարսեղյանը, բացելով վաղ և ուշ բրոնզի, ինչպես նաև վաղ երկաթի շրջափուլերին վերաբերող հնագիտական շերտեր:

1965 թ. ՀՍՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը Է. Խանզադյանի գլխավորությամբ և երկրաբան Կ.  Մկրտչյանի մասնակցությամբ ձեռնամուխ եղավ հնավայրի պեղման լայնածավալ աշխատանքներին: Քանի որ հնագույն բնակավայրի անունը հայտնի չէր, արշավախմբի ղեկավարները պայմանականորեն այն անվանեցին բլրի ստորոտով հոսող գետի՝ Արաքսի վտակ Մեծամորի անունով :

Աղբյուր

 

 

Skip to toolbar